Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ

Ռազմավարությունում կա առանձին բաժին. Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը, որը ձևակերպված է նաև որպես Հայաստանի հիմնարար ազգային շահ.  հարց է առաջանում, պատահակա՞ն է արդյոք ձևակերպումը, որտեղ բառացի՝ անվտանգությունը Արցախի դեպքում է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի: Ի՞նչ է,  Արցախի  տարածքային ամբողջականությունը Հայաստանի համար ռազմավարական կամ ազգային անվտանգության նշանակության խնդիր կամ էլ հիմնարար ազգային շահ չի՞ հանդիսանում: Հետաքրքիր է, իսկ  Հայաստանի անվտանգության ապահովումը հիմնարար ազգային շա՞հ է, թե ոչ:

Ամբողջ ռազմավարության տեքստում ազգային գաղափարախոսություն բառակապակցություն ուղղակի չկա, միայն վարչապետի ուղերձի առաջին էջում է օգտագործվում ազգային գաղափարախոսություն ձևակերպումը, որն ընդամենը հիշատակում է: Ինչպիսի՞ կարևորության փաստաթուղթ, եթե ոչ ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է սահմանի ազգի լինելիության և գոյատևման հիմքը, հայի և հայ ազգի առաքելությունն ու ապագան: Իմ կարծիքով այդ փաստաթուղթը, որը պետք է դնի ազգային գաղափարախոսության հիմքը և սահմանի այդ գաղափարախոսության  հաստատման կոնցեպտները, պետք է լինի Սահմանադրությունը: Ինչպե՞ս կարող է ռազմավարական, առավելևս ազգային անվտանգության տեսակետից, հայոց պետականության, ազգի և այլ հիմնարար ազգային շահերի մասին խոսք լինել առանց ազգային գաղափարախոսության, որը պետք է դրվի ազգային անվտանգության գաղափարի և ռազմավարության հիմքում: Եթե չկա ազգային գաղափարախոսություն, չկա գաղափարին հավատամք, ապա մնացյալը երկրորդական է և ընդամենը՝ թղթի վրա շարադրված տեքստ:

Ցանկացած ռազմավարություն, այն էլ ազգային անվտանգության մակարդակի, ռազմավարություն է իր նպատակային և թիրախային խնդիրների լուծման հիմնարար սկզբուքներով և դրանց հասնելու ռազմավարական գործողությունների կամ դրանց հիմնարար կոնցեպտների շարադրմամբ, պարզ ասած՝ եթե չկա <<ինչպե՞ս>> հարցի պատասխանը, ապա <<ի՞նչ ենք ուզում>> բովանդակությամբ ռազմավարությունն՝ առանց դրանց հասնելու մեխանիզմների և ձևերի մասին հիմնարար առանցքային ծրագրային հիմնադրույթների և այդ ծրագրերի իրականացման հստակ գործողությունների, կոնկրետ ժամկետների և նպատակների թիրախավորմամբ և կատարման պատասխանատուների,  ընդամենը մեծ  ցանկությունների շարադրված ցանկ է, ուրիշ՝ ոչինչ:

Ընդամենը 1 օրինակ. Իսրայելն, աշխարհում իր դերակատարությամբ, նախանձելի հզորությամբ և կարողություններով, պետություն և պետականություն է՝ բացառապես սեփական ազգային գաղափարախոսության, դրա  հիմնարար նշանակության և կյանքի կոչման անշեղ քաղաքականությամբ:

Բարի գալուստ

Բարի գալուստ ««Բեկում»  հանրային պատասխանատվություն, անվտանգություն, հսկողություն»  հասարակական կազմակերպության կայք:

 

««Բեկում»  հանրային պատասխանատվություն, անվտանգություն, հսկողություն»  հասարակական կազմակերպությունը, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, պատրաստակամ է մասնակցել և իր լուման դնել պատասխանատու և պահանջատեր հասարակության կայացման, քաղաքացու իրավունքների պաշտպանության, «քաղաքացի-պետություն» փոխհամագործակցության և փոխադարձ պատասխանատվության, պետականության և ժողովրդավարության կերտման, անվտանգության և բարեկեցության զարգացման  կերտման ճանապարհին:

Կազմակերպությունը ողջունում է մարդկային առաքելությունը գիտակցող, բարոյական ու ավանդական արժեքները դավանող՝ քաղաքացի ինքնագիտակցումով բոլոր անձանց, ովքեր  հայ ազգի պետականության, ինքնապահպանության ու ինքնապաշտպանության բնազդի հրամայականով պատրաստակամ են սեփական ուժերով կամ հասարակական հիմունքներով միավորմամբ, օրենքով չարգելված որևէ կերպ՝ իրենց գործողություններով կամ գործունեությամբ, բեկումնային փոփոխություններ բերել հասարակության և շարքային քաղաքացու գիտակցության, պատասխանատվության, հսկողության  դերակատարությունը և  նշանակությունը բարձրացնելու, կարևորելու նպատակով, ինչպես նաև նպաստել պետական ինստիտուտների կայացման և հավասարակշռման, սահմանադրական սկզբունքների և իրավունքների անվերապահ պահպանման,  պետական և տեղական ինքնակառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացման, հասարակությանը հուզող խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված օրինական և օրինաչափ գործընթացներին: