Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ

Ռազմավարությունում կա առանձին բաժին. Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը, որը ձևակերպված է նաև որպես Հայաստանի հիմնարար ազգային շահ.  հարց է առաջանում, պատահակա՞ն է արդյոք ձևակերպումը, որտեղ բառացի՝ անվտանգությունը Արցախի դեպքում է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի: Ի՞նչ է,  Արցախի  տարածքային ամբողջականությունը Հայաստանի համար ռազմավարական կամ ազգային անվտանգության նշանակության խնդիր կամ էլ հիմնարար ազգային շահ չի՞ հանդիսանում: Հետաքրքիր է, իսկ  Հայաստանի անվտանգության ապահովումը հիմնարար ազգային շա՞հ է, թե ոչ:

Ամբողջ ռազմավարության տեքստում ազգային գաղափարախոսություն բառակապակցություն ուղղակի չկա, միայն վարչապետի ուղերձի առաջին էջում է օգտագործվում ազգային գաղափարախոսություն ձևակերպումը, որն ընդամենը հիշատակում է: Ինչպիսի՞ կարևորության փաստաթուղթ, եթե ոչ ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է սահմանի ազգի լինելիության և գոյատևման հիմքը, հայի և հայ ազգի առաքելությունն ու ապագան: Իմ կարծիքով այդ փաստաթուղթը, որը պետք է դնի ազգային գաղափարախոսության հիմքը և սահմանի այդ գաղափարախոսության  հաստատման կոնցեպտները, պետք է լինի Սահմանադրությունը: Ինչպե՞ս կարող է ռազմավարական, առավելևս ազգային անվտանգության տեսակետից, հայոց պետականության, ազգի և այլ հիմնարար ազգային շահերի մասին խոսք լինել առանց ազգային գաղափարախոսության, որը պետք է դրվի ազգային անվտանգության գաղափարի և ռազմավարության հիմքում: Եթե չկա ազգային գաղափարախոսություն, չկա գաղափարին հավատամք, ապա մնացյալը երկրորդական է և ընդամենը՝ թղթի վրա շարադրված տեքստ:

Ցանկացած ռազմավարություն, այն էլ ազգային անվտանգության մակարդակի, ռազմավարություն է իր նպատակային և թիրախային խնդիրների լուծման հիմնարար սկզբուքներով և դրանց հասնելու ռազմավարական գործողությունների կամ դրանց հիմնարար կոնցեպտների շարադրմամբ, պարզ ասած՝ եթե չկա <<ինչպե՞ս>> հարցի պատասխանը, ապա <<ի՞նչ ենք ուզում>> բովանդակությամբ ռազմավարությունն՝ առանց դրանց հասնելու մեխանիզմների և ձևերի մասին հիմնարար առանցքային ծրագրային հիմնադրույթների և այդ ծրագրերի իրականացման հստակ գործողությունների, կոնկրետ ժամկետների և նպատակների թիրախավորմամբ և կատարման պատասխանատուների,  ընդամենը մեծ  ցանկությունների շարադրված ցանկ է, ուրիշ՝ ոչինչ:

Ընդամենը 1 օրինակ. Իսրայելն, աշխարհում իր դերակատարությամբ, նախանձելի հզորությամբ և կարողություններով, պետություն և պետականություն է՝ բացառապես սեփական ազգային գաղափարախոսության, դրա  հիմնարար նշանակության և կյանքի կոչման անշեղ քաղաքականությամբ:

Добавить комментарий